«Իմ հայրենի բնութիւնն ու պայծառ արեւն ինձ նկարիչ դարձրին …»

Z7uLl29yJHH33o9nsfgetTG01y

Սերգեյ Սարումեանը  ծնուել է 1950թ. Օգօստոսի 6-ին, Լեռնային Ղարաբաղի Խաչէն (Սեյդիշեն) գիւղում: Դպրոցն աւարտելուց յետոյ տեղափոխուել է Երեւան, ուր յաճախել է գեղարուեստական ստուդիայ: 1971թ. աւարտել է Մոսկուայի ժողովրդական արուեստի պետական համալսարանը, իսկ 1978-ին` Երեւանի գեղարուեստաթատերական ինստիտուտը: 1981-ին տեղափոխուել է Մոսկուա: 1994-ից Մոսկուայի նկարիչների միութեան, մոսկովեան միջազգային գեղարուեստական հիմնադրամի անդամ է: 2006թ. Ստեղծագործութեան միջազգային ակադեմիայի, իսկ 2010թ. յունուարից` Ակադեմիայի իսկական անդամ է, ակադեմիկոս: 2010թ. գեղանկարչի անունը եւ կենսագրական տուեալները հրատարակուել են «Ով ով է Ռուսաստանում»  հանրագիտարանում: Մասնակցել է բազմաթիւ ցուցահանդէսների ՌԴ-ում, Արցախում, Երեւանում եւ այլուր:
Նկարիչը ՀՀ սփիւռքի նախարարութեան հիւրն էր: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

- Պարոյ ՛ն Սարումեան, ասացիք, որ ծնունդով Լեռնային Ղարաբաղից էք եւ եկել էիք Հայրենիք` մասնակցելու Արցախի անկախութեան տօնին.  շնորհաւորում եմ Ձեզ այս մեծ տօնի առիթով:

- Շնորհակալութիւ՛ն, առիթը տօնին մասնակցելն էր, բայց նաեւ մի մեծ ու հրաշալի նախագծի շուրջ գործնական աշխատանքներ տանելը:

- Ին՞չ նախագիծ է. եթէ գաղտնիք չէ, խնդրում եմ` հանգամանօրէն ներկայացնէք:

- Դա մի հրաշալի նախագիծ է, որը կոչւում է «Յաւէրժութիւն»`  իմ հանրայայտ բնանկարի անուամբ: Ստեփանակերտ-գանձասար ճանապարհի մէջտեղում, որը Ցեխձոր է կոչւում, մի մեծ ժայռաշարան կայ. խաչենցիներն այն անուանում են Մեծ քար, որի ամենաբարձր կէտը մօտ 90 մետր է: Բնութիւնն ինքն է կերտել այդ հրաշքը. ասես մարդկային կերպարներ են` տղամարդու, կնոջ, երեխայի, ֆիդայիների …
Ես ծնուել եմ Խաչէն գիւղում, հօրս հետ յաճախ էինք գնում Խաչէն գետ` ձկնորսութեան, իսկ այդ Մեծ քարը հէնց նոյն վայրում է: Տասը տարեկան էի, երբ ուշադրութիւնս գրաւեցին այդ պատկերները: Երբ նստում էինք հանգստանալու, հաց ուտելու, աչքս չէի կտրում դրանցից: Մեծացայ, հեռացայ գիւղից, բայց ժայռապատկերները մնացին յիշողութեանս մէջ: Հիմա մտադիր եմ դա ներկայացնել աշխարհին: Իմ մեծ երազանքն է տեսնել 90 մետր բարձրութեամբ «Ժայռ-հաւէրժութիւնը»`  ձեռակերտուած որպէս մոնումենտալ քանդակ` նոր արտայայտչաձեւերով: Այդ մասին խորհրդակցել եմ Արցախի նախագահ Բակոյ Սահակեանի հետ, նա շատ դրականօրէն արձագանքեց: Հիմա մտահոգուած եմ հովանաւոր գտնելու հարցով: Քարտաշ- վարպետների մեծ խումբ պիտի ներգրաւէմ այդ աշխատանքում: Ես ընդամէնը մի քանի գիծ եմ աւելացնում այդ ժայռապատկերների նախնական տեսքին: Համոզուած եմ, որ Մեծ քարը կը դառնայ տեսարժան վայր, ուր կայցելեն բազմաթիւ զբօսաշրջիկներ: Դա նուէր է լինելու իմ ժողովրդին:

- Աւելի շատ գեղանկարչութեա՞մբ էք զբաղւում, թէ՞ գրաֆիկական աշխատանքներով:

- Երկուսն էլ ինձ հոգեհարազատ են, բայց հիմնականում աշխատում եմ որպէս նկարիչ-ձեւաւորող տարբեր հիմնարկներում: Ձեւաւորում եմ տարբեր բնոյթի (քաղաքական, սոցիալական) գովազդային պաստառներ, ֆիլմերի գովազդային պաստառներ: Մոսկուայի իմ արուեստանոցում ունեմ շուրջ 300 գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, իսկ մի մասը հանգրուանել է Եւրոպայի մի շարք երկրներում, Արցախում, Ռուսաստանում:

- Քանի՞ ցուցահանդէս էք ունեցել Հայաստանում:

- Անցեալ տարի, իմ 60-ամեակի առիթով առաջին ցուցահանդէսը բացուեց Հայարտ մշակութային կենտրոնում, ներկայ էր ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը. նա հրաշալի ելոյթ ունեցաւ: Այդ 80 նկարները ` գրաֆիկայ, գունանկար, պաստառ, ցուցադրուեցին նաեւ Արցախում, Մոսկուայում, որի համար պարգեւատրուեցի ՌԴ-ի նկարիչների միութեան ոսկէ մեդալով:

- Ին՞չ կոչումներ ունէք:

- Երեւի շուտով կ’արժանանամ վաստակաւորի կոչման, բայց իմ ամենամեծ կոչումն ի վերուստ տրուած ստեղծագործական շնորհն եմ համարում, որի համար պարտական եմ նաեւ իմ մանկավարժ ծնողներին, իմ գեներին: Ասում են, որ վաղամեռիկ հօրեղբայրս էր շատ լաւ նկարում:

- Ձեր նկարներից շատերը Ամն-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների մասնաւոր հաւաքածուներում են, չէ՞ք կարօտում դրանց…

- Շա՛տ, դրանք գրական գործեր չեն, որոնք կարելի է շատ օրինակներով տպել, պատճէնահանել: Դրանք միակն են, բնօրինակը եւ շատ հեռու են ինձնից, իմ բնակավայրից, եւ կարօտում եմ…

- Ձեր ստացած պարգեւների մասին խօսենք:

- Շատ են` պատուոգրեր, փառքի շքանշաններ, ոսկէ մեդալներ… Բոլորն էլ թանկ են: Շատ եմ կարեւորում ՀՀ սփիւռքի նախարարութիւնից ստացած պատուոգիրը: Շնորհակալ եմ բոլոր պարգեւների համար, բայց իմ գործերի ամենամեծ, ամենաբարձր գնահատականը ժողովրդի տուած գնահատականն է. ես իմ շնորհը ստացել եմ Աստծուց, իմ Արցախի բնութիւնից, ժողովրդից ու այն սիրով վերադարձնում եմ նրան:
Իմ հայրենի բնութիւնն ու պայծառ արեւը ինձ նկարիչ դարձրին, եւ ես յաւէրժ նրանց գերին եմ ու պարտապանը:

- Ո՞վ է Ձեր գործը շարունակում ընտանիքում:

- Միակ տղաս. նա եւ՛ նկարում է, եւ՛ երգում, եւ՛ ստեղծագործում, եւբ նուագում: Ամբողջովին արուեստի աշխարհում է:

- Դասաւանդու՞մ էք:

- Այո՛, դասաւանդում եմ Նիկոլայ Ռուբինշտեյնի անուան մանկական երաժշտական դպրոցում. ղեկավարում եմ կերպարուեստի դասարան: Իմ խմբում սովորում են 22-ից աւելի տարբեր ազգութիւնների աշակերտներ, որոնցից 5-ը հայ են: Իմ սաներն ամէն տարի մասնակցում են մանկական տարբեր մրցոյթների եւ մշտապէս յաղթանակներ են ունենում:

- Ին՞չ նշանաւոր մարդկանց էք նկարել:

- Ակադեմիկոս Երշովի դիմանկարը, Սերօ Խանզադեանին, շատ ու շատ նշանաւոր գիտնականների, արուեստի, մշակոյթի գործիչների, պատգամաւորների: Շատ գործեր ունեմ հայրենի բնաշխարհի թեմաներով` «Աշունը Խաչենում»,«Մեր տունը Խաչենում», «Ամարաս», «Արայի լեռ», «Աշտարակի հին կ’ամուրջը», «Լքուած օջախ» եւ այլն: Մի հետաքրքիր նկար ունեմ Հեմինգուեյի թեմաներով` «Ծերունին եւ ծովը»:

Նաեւ նուիրատուութիւններ եմ անում. Շուշիի թանգարանի բացման առիթով նուիրել եմ նկար, «Գիւղի համայնապատկեր» նկարն էլ նուիրել եմ Խաչէն գիւղին, որը ցուցադրուած է տեղի հանդիսութիւնների սրահում: Ստեփանակերտի թանգարանին նուիրել եմ «Ռմբակոծումից յետո» գործը: Պատրաստւում եմ թեմատիկ նկար նուիրել Ցեղասպանութեան թանգարանին:

- Յաճա՞խ էք այցելում հայրենիք:

- Այո՛, գալիս եմ ամէն տարի: Այցելում եմ թե´ Երեւան, թե´ հայրենի Խաչէն գիւղ, ուր վերանորոգում եմ հայրական օջախս: Հնարաւոր է, որ վերադառնամ Արցախ. դա է իմ վերջին հանգրուանը, իմ ներշնչանքի աղբիւրը, ինձ զօրութիւն տուող հրաշք-երկիրը, ուր անտառներն ու սառնորակ ջրերը, բարձր ժայռերն ու ձորերը, քչքչան առուակներն ու գահավէժ գետերը խօսում են հայերէն, խօսում են Ղարաբաղի անուշ բարբառով ու կանչում են իրենց զաւակներին:

- Արցախի բարբառով ի՞նչ խրատ կամ տարածուած ասացուածք, խօսք կայ, որ կ’ուզենայիք ասել նաեւ մեր ընթերցողներին:

- Ուզում եմ, որ հայ ժողովուրդը երբեք չընկճուի, չյուսահատուի եւ յորդորում եմ`
«լեաւ՛ կացէք, Լեօխ լեաւ՛ ա…» (Լաւ՛ մնացէք, ամէն ինչ լաւ՛ է…):

Զրուցեց Կարինէ Աւագեանը